«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այսօր այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ։ Այս մասին տեղեկանում ենք ֆորումի պաշտոնական կայքից։
Այցի ընթացքում ֆորումի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացի այդ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համատեղ ջանքերով իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»:
Նոր ծառուղին կանվանակոչվի Ավրորա Մարդիգանյանի պատվին՝ մեկը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից, որը, չնայած կրած տառապանքներին, կհիշվի իր բացառիկ բարեսրտությամբ: Հենց նա էր, որ դարձավ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ստեղծման ոգեշնչման աղբյուր: Բոլորի համար ապահով և կայուն ապագայի գաղափարն է միավորում երկու կազմակերպություններին: Նրանք մտադիր են միասնական ջանքերով երկարաժամկետ լուծումներ առաջարկվել համաշխարհային ամենահրատապ խնդիրներին՝ փոխադարձ աջակցությամբ խրախուսելով ավելի շատ մարդկանց ներգրավում, գրում է Sputnik-ը:
1994-ից սկսած «Էյ Թի Փի» հիմնադրամը մոտ վեց միլիոն ծառ է տնկել, որից օգտվել են Հայաստանի և Արցախի ավելի քան 1,200 համայնքներ: Հիշեցնենք, որ «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 19-ին: «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության այս տարվա հաղթողը Luftbrücke Irak կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է։