Իր առաջին միջազգային ուղևորության շրջանակում այս շաբաթ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատև հեռարձակվող սոցիալական գովազդի կերպարը՝ Սմոքի արջը` շարունակելու անցանկալի, տեխնածին հրդեհների մասին իրազեկման իր առաքելությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Սկսած 1944 թվականից՝ Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում: Ինչպես Սմոքի արջի քաջածանոթ կերպարը (գլխին՝ ռենջերի գլխարկ, հագին՝ գոտիով կապույտ ջինս, ձեռքին՝ բահ), այնպես էլ նրա միակ հստակ ուղերձը («Միայն դու կարող ես կանխել անտառային հրդեհները») հաղթահարել են յոթ տասնամյակից ավելի ժամանակի փորձություն:
Գտնվելով Հայաստանում՝ Սմոքի արջը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԱՄՆ Անտառային ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ, հանդիպումներ կունենա ինչպես երեխաների, այնպես էլ պետական պաշտոնյաների հետ, կայցելի Երևանում և դրա մերձակայքում գտնվող անտառապատ տարածքներ՝ հանրությանը ուսուցանելու, թե ինչպես պետք է սիրել բնությունը և պաշտպանել Հայաստանի անտառապատ տարածքներն ու վայրի բնությունը: Տեսնենք՝ արդյո՞ք կհաջողվի ձեզ հանդիպել Սմոքի արջին քաղաքի փողոցներում և նրա հետ տոնել իր ծննդյան 75-ամյակը: