Լիբանանում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, համընդհանուր գործադուլ է հայտարարված. փակ են բանկերը, պետական հաստատությունները, դպրոցները, համալսարանները և խոշոր խանութները: Մայրաքաղաք Բեյրութի կենտրոնը ռազմական գործողությունների գոտի է հիշեցնում՝ հիմնական փողոցները, ինչպես նաև Բեյրութը երկրի հյուսիսային շրջաններին կապող ճանապարհն արգելափակված են անվադողերով և աղբամաններով: Բախումներ են տեղի ունենում ցուցարարների և իրավապահ ուժերի միջև, ինչր հետևանքով երկու կողմերում էլ կան տուժածներ:
Լիբանանում բողոքի բազմահազարանոց ակցիաները սկսվել են հոկտեմբերի 17-ի երեկոյան Լիբանանի կառավարության հարկային նոր քաղաքականության պատճառով: Մասնավորպես, լիբանանյան իշխանությունները նախատեսում էին հարկեր սահմանել WhatsApp հավելվածի (ամսական 6 դոլար), ինչպես նաև ծխախոտային արտադրանքի համար: Նախատեսվում էր նաև ԱԱՀ-ն մինչև 2022 թվականը ավելացնել մինչև 15 տոկոս:
Բազմահազարանոց բողոքի ակցիաների առաջին օրը Լիբանանի կապի նախարարը հայտարարեց WhatsApp-ի համար հարկը չեղարկելու մասին: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հոկտեմբերի 20-ին քաղաքական ուժերի հետ քննարկել է տնտեսական արտակարգ միջոցառումների ծրագիր, որը նախատեսում է նաև ԱԱՀ-ի բարձրացման չեղարկում, ինչպես նաև մի շարք հակակոռուպցիոն միջոցառումներ: Հարիրին կոալիցիոն ուժերին 72 ժամ ժամանակ է տվել երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:
Սակայն ցուցարարներն իշխանությունների այս քայլերը բավարար չեն համարում և պահանջում են վերջիններիս հրաժարականը:
Իրականում հարկերի բարձրացումը բաղոքի ակցիաների միայն առիթն է, պատճառներն ավելի խորքային են: Լիբանանում սոցիալ-տնտեսական վիճակն օրեցօր ավելի է վատանում: Սեպտեմբերին Լիբանանի կառավարությունը տնտեսական արտակարգ դրություն հայտարարեց, քանի որ երկրի արտաքին պետական պարտքը 150 տոկոսով գերացանցում էր ՀՆԱ-ն: Դեֆոլտից խուսափելու համար լիբանանյան կառավարությունը ստիպված է ոչ ժողովրդական մեթոդների դիմել՝ կրճատելով որոշ սոցիալական վճարումներ և բարձրացնելով հարկերը: 2020 թվականի ֆինանսական տարում պետբյուջեի պակասորդը 7 տոկոսի իջեցնելու դեպքում միայն Լիբանանը միջազգային դոնորներից կստանա խոստացված 11 մլրդ դոլար ֆինանսական օգնությունը:
Այսպիսով, այսօր Լիբանանի իշխանությունները հայտնվել են որոշակի առումով փակուղային իրավիճակում՝ մի կողմից պետք է փրկել երկրի տնտեսությունը, մյուս կողմից՝ ապահովել քաղաքական կայունությունը: Լիբանանում գործող կոալիցիոն կառավարությունը հաջողվեց ձևավորել ընտրություններից միայն ութ ամիս անց: Այսօր կառավարության հրաժարականը կարող է բավականին վտանգավոր իրավիճակ ստեղծել այս երկրում՝ հատկապես հաշվի առնելով Լիբանանում արտաքին որոշ դերակատարների հետաքրքրությունները և շահերը: