Ամերիկացի կոնգրեսականներից բաղկացած պատվիրակությունը մեկնել է Աֆղանստան: Այս մասին կիրակի՝ հոկտեմբերի 20-ին, հայտնել են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գրասենյակից: Աղբյուրի փոխանցմամբ՝ պատվիրակությունը բաղկացած էր ութ դեմոկրատ և մեկ հանրապետական պատգամավորից:
Հետաքրքրական է, որ այցն իր ժամանակագրությամբ համընկել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերի՝ Աֆղանստան իրականացրած այցին: Ավելին, կայացել է նաև կոնգրեսականների հանդիպումն ու քննարկումը ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ: Էսփերը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր նպատակը շարունակում է մնալ թալիբների հետ համաձայնագրի ստորագրումն ու զորքերի դուրսբերումը:
Նենսի Փելոսիի փոխանցմամբ՝ իրենց պատվիրակությունը մի շարք այլ կարևոր հանդիպումներ ևս ունեցել է: Աֆղանստանի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահի և վարչապետի հետ կոնգրեսական պատվիրակության հանդիպումների առանցքում անվտանգությանը, կառավարչական և տնտեսական զարգացմանն առնչվող թեմաներն էին: Կայացել է հանդիպում և քննարկում նաև Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսի հետ:
Հանդիպումների ավարտին Փելոսին նշեց, որ իրենք կվերադառնան Վաշինգտոն «փաստերով և գիտելիքներով հարստացած», ինչպես նաև «ոգեշնչված առաջնագծում կանգնած զինվորականների և դիվանագետների քաջությամբ»:
Իսկ դեմոկրատ կոնգրեսականների այցի նպատակը Աֆղանստան, անշուշտ, ամերիկացի զինվորականներին հանդիպելը և նրանց խիզախության մասին բարձրաձայնելը չէր: Դեմոկրատները փորձում են օգտագործել իրավիճակը և հատկապես այն, որ սեպտեմբերի սկզբին նախագահ Թրամփը չեղարկեց հանդիպումը թալիբների հետ և դադարեցրեց բանակցությունները, ցույց տալու համար, որ այս ուղղությամբ ևս ամերիկյան իշխանությունները տանուլ են տալիս: