Ադրբեջանի կառավարությունը բողոքի խաղաղ ակցիաների ընթացքում մարդու իրավունքների լիակատար անտեսում է ցուցաբերել: Այս մասին ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ, փոխանցում է News.am-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը 2019-ի հոկտեմբերի 19-ին և 20-ին Բաքվի կենտրոնում ցրել է 2 խաղաղ ցույց, ձերբակալվել և դաժանորեն ծեծվել են տասնյակ խաղաղ ընդդիմադիրներ և քաղաքացիական ակտիվիստներ: Ձերբակալվածների թվում է ընդդիմադիր Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, որը բազմաթիվ վնասվածքներ է ստացել և կալանքի տակ է պահվել մի քանի ժամ:
Բացի այդ, հոկտեմբերի 19-ի հանրահավաքից առաջ իշխանություններն ընդդիմադիր կուսակցությունների առնվազն 10 բարձրաստիճան անդամի են ձերբակալել: Նրանց թվում է ընդդիմադիր հայտնի լրագրող Սեյմուր Հազին, ում 15 օրվա վարչական կալանք է նշանակվել:
Ոստիկանները ցրել են նաև քաղաքի կենտրոնում հավաքված տասնյակ իրավապաշտպանների: Ցուցարարները, մասնավորապես, ցանկացել են լուսաբանել Լեյլա Մամեդովայի սպանությունը, ում ամուսինը նրան սպանել է նրա երեխաների և անցորդների աչքի առջև:
Չնայած նրան, որ Ադրբեջանի սահմանադրությունը ենթադրում է, որ խմբերը կարող են խաղաղ ցույցեր անցկացնել համապատասխան պետական մարմնին ծանուցելուց հետո, գործնականում իշխանությունները պահանջում են, որպեսզի հավաքները իշխանությունների կողմից տրված թույլտվություն ունենան:
«Չնայած ցույցն արտոնված չէր, ոստիկանությունը չպետք է ուժ կիրառեր ցուցարաներին ցրելու համար, որոնք որևէ սպառնալիք չէին ներկայացնում: Հավաքների ազատությունը հիմնարար իրավունք է, և Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են հանդուրժել խաղաղ ցույցերը, նույնիսկ Բաքվի կենտրոնում»,- ասել է Գոգիան: