ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է, որ մոտ ժամանակներս Բրատիսլավայում ակնկալում է հյուրընկալել երկու արտգործնախարարներին: Հանդիպումը կարևոր է, սակայն դիվանագետի կարծիքով իրական առաջընթաց արձանագրելու համար կարևոր է առաջին հերթին պետությունների առաջնորդների քաղաքական որոշումը: Այս մասին իր խոսքում Լայչակը երկու անգամ է հիշատակում՝ հավելելով, որ եթե չկա նման որոշում, ապա «քննարկումները դառնում են բյուրոկրատական վարժություններ»:
Հատկանշական է, որ ԵԱՀԿ գործող նախագահը նման հայտարարություններ անում է Մինսկի խմբի համանախագահության՝ տարածաշրջան կատարած այցից հետո: Հիշեցնենք՝ այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ էին ունեցել Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, և, ըստ ամենայնի, այնքան էլ ոգևորված չեն եղել խնդրի խաղաղ կարգավորման հարցում հակամարտող կողմերի պատրաստակամությամբ և կառուցողականությամբ: Եվ գուցե այս է պատճառը, որ իրենց այցն ամփոփող հայտարարության մեջ «ողջունել են մարդասիրական և անվտանգային յուրահատուկ միջոցառումների ձեռնարկման հեռանկարները՝ ուղղված հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն և լարվածությունը թուլացնելուն»: Փաստորեն, բացի արդեն դասական դարձած ձևակերպումներից, ոչ մի էական բան չունենք, և այս մասին արդեն նշում է ԵԱՀԿ գործող նախագահը: