Հայաստանի կառավարությունն ուրախ կլինի տեսնել ավելի շատ Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողներ Հայաստանում, և, հետևաբար, պատրաստ է քննարկել տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄԷ Gulf news թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հատկապես հենց հիմա ԱՄԷ ներդրողները պետք է գան Հայաստան:
«Ես արդեն նշել եմ Հայաստանի կառավարության առաջարկած պայմանները, հատկապես ներդրողների մասով: Մենք կարող ենք մեր գործընկերների հետ արդյունավետ համատեղ ներդրումներ կատարել առաջատար տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում, և ես այժմ կոչ եմ անում ԱՄԷ ներդրողներին՝ ուսումնասիրել Հայաստանի կողմից առաջարկվող տնտեսական հնարավորություններն ու պայմանները: Հայաստանը կարող է նաև ԱՄԷ համար կամուրջ հանդիսանալ դեպի ԵԱՏՄ շուկա:
1998 թվականի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք զարգացնում ենք արդյունավետ և համապարփակ գործընկերություն ԱՄԷ-ի հետ: Այսօր ԱՄԷ-ի հետ Հայաստանի հարաբերությունները կարևոր տեղ են գրավում մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Հայ-էմիրաթական համագործակցությունը նոր թափ ստացավ մայիսին Երևանում կայացած Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստից հետո: Այն արդյունավետ հարթակ է երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ տեսակետներ փոխանակելու և տնտեսության տարբեր ոլորտներում իրավական դաշտն ընդլայնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելել է, որ համատեղ հանձնաժողովի աշխատանքների շոշափելի արդյունքներից կարելի է առանձնացնել Աբու Դաբիի «Մասդար» ընկերության և Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամի միջև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի և Աբու Դաբիի Գլոբալ Շուկայի միջև փոխըմբռնման հուշագիրը: