ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Սլովակիայի ԱԳ նախարարի՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում հյուրընկալելու հայտարարությունը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
«Նախ նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ:
Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում: Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու»,-ասում է Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ամերիկայի Ձայնին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակն ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ։