Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն, որը մինչև վերջերս զբաղեցնում էր երկրի ԱԳ նախարարի պաշտոնը, երեքշաբթի ներողություն է խնդրել թայֆունների պատճառի մասին իր անհարկի կատակի համար: Նախարարը ներողություն է խնդրել մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես կցանկանայի ներողություն խնդրել նրանցից, ում իմ խոսքերն անհարմարություն են պատճառել»,- նշել է Կոնոն՝ ընդգծելով, որ իր արտահայտություններն անտեղի են եղել:
Անցած հանգստյան օրերին սեփական քաղաքական գործունեության համար միջոցներ հավաքելու միջոցառման ընթացքում Կոնոն կատակել էր, թե ինքը կարող է թայֆունների պատճառը լինել, որոնք վերջին ամիսներին պատուհասել են Ճապոնիային:
«Այնտեղ, որտեղից ես գալիս եմ, ինձ հաճախ անվանում էին «անձրևի մարդ», որտեղ ես հայտնվում էի, անընդհատ անձրև էր գալիս։ Այն պահից, երբ ես դարձա պաշտպանության նախարար, Ճապոնիային արդեն երեք թայֆուն է պատուհասել», - կատակել էր նա: