Մենք այսօր որևէ կերպ, որևէ ուղղությամբ չունենք ադեկվատ արտաքին քաղաքականություն, «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը, գրում է Aysor-ը։
«Իլհամ Ալիևը մի քանի առիթ օգտագործեց՝ հաշվի առելով, որ ստեղծված իրավիճակներում հակազդող որևէ խոսք, ելույթ հնարավոր չէր։ Դրանցից առաջինը Վալդայն էր, որի ժամանակ Հայաստանի և Արցախի վրա ռադիկալ հարձակումը որևէ պատասխանի չարժանացավ։ Ի դեպ, այդտեղ էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը, որպես ռազմավարական դաշնակից, կարող էր էթիկայի կոչ անել, որ եթե մյուս կողմը չկա, չպետք է նման հայտարարություններ անել», - նշեց բանախոսը։
Կարեն Բեքարյանը միաժամանակ նկատեց՝ դեպի Ռուսաստան հարաբերությունները գլորվողից կամաց-կամաց վերածվում են մուկնուկատու հարաբերությունների՝ անհասկանալի կոնտեքստներով։
«Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, ապա 2018-ից հետո առկա լավատեսական մղումները գնալով մաշվում, վերանում են։ Միացյալ նահանգների պարագայում էլ ասել, թե փոխհարաբերությունները եղել են խիտ, սխալ կլինի, սակայն անգամ ԱՄՆ-ի պարագայում արտաքին քաղաքական համընդհանուր քաոսն այլ դրսևորումներ ունի. կարելի է նայել այցերին և ընդունելություններին՝ ինչ որակով, ինչ կոլեգիալությամբ։ Դրա համար բավարար է նայել «Լիդիանի» հետ կապված խայտառակ գործընթացին, Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելը, ԱՄՆ ֆինանասավորմամբ բիոլաբորատորիաների վիճակը և այլն», - թվարկեց վերլուծաբանը։
Ամփոփելով խոսքը՝ Կարեն Բեքարյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունները, ինչպես պատկերացում չունեն ներքին հարցերում և ԼՂ կարգավորման գործընթացում, այնպես էլ արտաքին հարաբերություններում։