Եվրամիությունը համաձայնություն է տվել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու վերջնաժամկետը ևս երեք ամսով՝ մինչև 2020թ. հունվարի 31-ը հետաձգելուն: Սակայն եթե բրիտանական խորհրդարանն, այնուամենայնիվ, ավելի վաղ վավերացնի համաձայնագիրը, ապա Brexit-ը կարող է տեղի ունենալ ավելի շուտ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեմ էր գործընթացի հետաձգմանը: Նախորդ շաբաթ նա հայտարարեց ԵՄ հետ Brexit-ի նոր համաձայնագրի համաձայնեցման մասին, սակայն խորհրդարանում փաստաթուղթը մերժվեց: Ջոնսոնի նկատմամբ խորհրդականների կողմից եղան ճնշումներ ԵՄ-ից գործարքի հետաձգում խնդրելու:
Արդյունքում, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ապահարզանի գործընթացը հետաձգվեց: Բրիտանական կառավարության ղեկավարը կանգնեց քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրությունների անցկացման քննարկման հարցի առաջ:
Ի սկզբանե հայտնի էր, որ արտահերթ ընտրությունների անցկացումը Մեծ Բրիտանիայում հնարավոր է ընդդիմադիր լեյբորիստների համաձայնության պարագայում, իսկ վերջիններս դրան կհամաձայնեն այն պայմանով, որ Ջոնսոնը հրաժարվի առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալու մտադրությունից: Այսօր արդեն` հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը համաձայնություն է տվել արտահերթ ընտրությունների անցկացմանը: Ենթադրվում է, որ քիչ հավանական է դառնում կոշտ Brexit-ը:
Գործընթացի շուրջ վերջին զարգացումներից հետևում է, որ Մեծ Բրիտանիան կրկին Եվրամիության հետ համաձայնագրի քննարկումների փուլ է մտնում: Հիշեցնենք, որ այս համատեքստում շարունակում է բաց մնալ Հյուսիսայի Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև բաց սահմանի հարցը: Պետք է նշել, որ ԵՄ հետ Ջոնսոնի կողմից բանակցված վերջին համաձայնագրով Հյուսիսային Իռլանդիայի համար կոմպրոմիսային որոշում էր ընդունվել: Փաստաթղթում, որը մերժվեց խորհրդարանական ուժերի, այդ թվում՝ լեյբորիստների կողմից, Հյուսիսային Իռլանդիան միաժամանակ երկու մաքսային գոտիներում էլ նախատեսվում էր թողնել: