Ադրբեջանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես՝ հոկտեմբերի 19-ի և 20-ի ցույցերի և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակի համար Բաքվում արդեն մեղավորներ են «նշանակվում»: Փորձելով շեղել հանրության ուշադրությունը իրական խնդիրներից՝ սլաքներն ուղղվում են արտաքին դերակատարների ուղղությամբ՝ շրջանառության մեջ դնելով թեզեր, որ անկարգություններն ու անհնազանդությունը հովանավորվում են «դրսից»: Եվ պատահական չէ, որ թիրախում վերջին օրերին Ադրբեջանում ԵՄ դեսպան Կեստուտիս Յանկաուսկասն է: Պատճառը վերջինիս ունեցած հանդիպումն է ադրբեջանական ընդդիմադիր գործիչ, հոկտեմբերի 19-ի ցույցի կազմակերպիչ, Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի հետ: Մերձիշխանական ԶԼՄ-ներն արդեն գրում են, որ Եվրամիությունն Ադրբեջանում փողոցային անկարգություններ է նախապատրաստում:
Այս ճանապարհով, ինչպես արդեն նշեցինք, հանրության ուշադրությունը փորձում են շեղել իրական խնդիրներից: Իսկ հասարակության շրջանում դժգոհություններն իսկապես հասունացել են և դրանք ամենատարբեր դրսևորումներ կարող են ստանալ: Ալիևի իշխանությունն այս ամենը քաջ գիտակցում է, և հենց սրանով են պայմանավորված վերջին շրջանում որդեգրած քաղաքականությունը և մեծ մասշտաբների հասնող կադրային փոփոխությունները: Իշխանությունները հասկանում են, որ եթե չանեն հասարակությանն ընդառաջ քայլեր, կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել: Սակայն բավարար կլինե՞ն այդ փոփոխությունները Ադրբեջանում սկիզբ առած դժգոհությունների ալիքը մեղմելու համար՝ ցույց կտա ժամանակը: Իսկ եթե, այնուամենայնիվ, ներքին խնդիրներն այս ճանապարհով լուծելու Բաքվի քաղաքականությունը չարդարացնի իրեն՝ դիմելու են ուշադրությունը շեղող հաջորդ՝ գլխավոր գործիքին: Խոսքը սահմաններում իրավիճակը սրելու, մեծ հավանականությամբ՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ նախաձեռնելու մասին է: Այս սցենարի հավանականությունն առնվազն փոքր չէ, և սրան պիտի պատրաստ լինենք ամենայն լրջությամբ:
Եվ առհասարակ, տարածաշրջանում տիրող լարվածության ֆոնին արժի երբեմն շեղվել սահմանադրական դատարանից և դատական իշխանությունը սեփական ձեռքերում հավաքելու գաղափարից, ներսում դավադիրներ ու թշնամիներ փնտրելուց և ուշադրության կենտրոնում պահել հայկական երկու պետությունների անվտանգության խնդիրները: