ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են 2020թ. պետական բյուջեի մասին նախագիծը:
Այն, որ եկող տարվա պետական բյուջեն հայտարարված «տնտեսական հեղափոխության», «պետության դռները ծեծող» ներդրումների, նախկինում թալանված և բյուջե վերադարձված հսկայական գումարների հետ որևէ աղերս չունի, հայտնի դարձավ սպասվող բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների նախագծի հարապարակումից հետո:
Մեկ այլ հարց է բյուջետային եկամուտների վերաբաշխումը. այն, թե ինչպես են պատրաստվում ծախսել բյուջեն եկող տարի:
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում քննարկումները բավական բուռն էին՝ ծախսերի վերաբաշխումների հետ կապված:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, հիմնականում աճ են գրանցել սոցիալական պաշտպանության, հանրային ծառայություններին հատկացվող բյուջետային գումարները:
Պետական գերատեսչություններին բյուջետային հատկացումները, որոնք որոշների դեպքում ավելացում են ենթադրում, իսկ որոշների՝ նվազում, արդյունավետության գնահատման կարիք ունեն, սակայն դա կախված կլինի այդ գերատեսչությունների կողմից եկող տարի իրականցվելիք աշխատանքներից:
Իսկ մինչ այդ, հիմնական ու խնդրահարույց հարցը բյուջեում պաշտպանական ծախսերին է առնչվում:
Հիշեցնենք, որ դրանք 2020թ.-ի նախագծով նախատեսվում է ավելացնել ընդամենը 0,8 տոկոսով:
Բյուջետային ծախսերի վերաձևակերպումներն առավելապես իրականացվել են մի հոդվածից կրճատման, մյուսում` ավելացման ֆոնին: Եվ այս պարագայում առաջանում է հարց. որքանով են արդարացված, օրինակ, սոցիալական պաշտպանությանն ուղղված ավելացված ծախսերը, եթե դա արվելու է ի հաշիվ պաշտպանական ծախսերի կրճատման:
Եվ սա այն դեպքում, երբ, հիշեցնենք, որ 2020թ.-ին Ադրբեջանն իր բյուջետային ծախսերն`ուղղված պաշտպանական ոլորտին, ավելացրել է ավելի քան 20 տոկոսով:
Հատկանշական է, որ Ադրբեջանն այդ ավելացումները հիմնավորում է ադրբեջանական տնտեսության աճով: Մեզ մոտ հայտարարվում է տարատեսակ ցուցանիշների «աննախադեպ», «հեղափոխական» աճի մասին, մինչդեռ պաշտպանական ոլորտի ծախսերը չեն ավելանում: Սա չի նշանակում, որ պետք է Ադրբեջանի հետ մտնել ուղղակի մրցավազքի մեջ, սակայն մշտապես պետք է հիշել, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև բալանսերը գոնե որոշակիորեն պահելու խնդիր:
Ուստի այսօր կանգնած ենք խնդրի առաջ բարձրաձայնելու, որ անվտանգային հարցերը պետք չէ փոխարինել, կամ ստորադասել իշխանությունների սուբյեկտիվ, իրենց ճաշակով ընտրված այլ հարցերին: