Ունենալով անվտանգային լուրջ խնդիրներ՝ Հայաստանը վերջին շրջանում պատշաճ ուշադրություն չի դարձնում միջազգային ձևաչափերում պաշտպանական ոլորտում համագործակցությանը:
Հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ կողմերը քննարկել են ռազմական համագործակցության ակտուալ հարցերը: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նիստի արդյունքում ընդունված որոշումներն ուղղված են ազգային զինված ուժերի և ընդհանուր անվտանգության ամրապնդմանը: Հայաստանն այս նիստին չէր մասնակցում:
Հաշվի առնելով վերջին շրջանում տարածաշրջանային զարգացումներն, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը՝ Հայաստանի ներկայությունը նիստին ուղղակի անհրաժեշտ էր: Ճիշտ է, Բաքվում կայացած նիստից առաջ Հայաստան այցելեց Ռուսաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը, սակայն Հայաստանը ռազմական ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր ունի ոչ միայն Ռուսաստանի հետ: Փաստորեն մենք թույլ են տալիս Ադրբեջանի հերթական անգամ մեկուսացնելու մեզ այն էլ մի ձևաչափում, որի լիարժեք մասնակիցն ենք, ինչը որոշակիորեն ազդում է նաև այդ ձևաչափում մեր մյուս գործընկերների հետ հարաբերությունների վրա:
Ընդ որում, պետք է նկատել, որ Հայաստանն ակտիվ չէ նաև պաշտպանական ոլորտի միջազգային այլ ձևաչափերում: Վերջերս Բրյուսելում ՆԱՏՕ կենտրոնակայանում տեղի է ունեցել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպում: Թեև Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի այդ առաքելությանը, սակայն, ինչպես հետևում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական լրահոսից, մենք այդ հանդիպմանը նույնպես չենք մասնակցել:
Միջազգային ձևաչափով նման հանդիպումներին Հայաստանի չմասնակցելը որոշակիորեն մեկուսացնում է Հայաստանին միջազգային և տարածաշրջանային գործընթացներից, որոնք վերջին շրջանում բավականին ակտիվ են: Նման գործելաոճը չի կարող բացասաբար չազդել մեր պետական շահերի վրա: