Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կալինինգրադի մարզում սոցիալական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ արձագանքել է Համառուսական ազգային հիմնադրամի տարածաշրջանային կենտրոնակայանի անդամ Սուրեն Մանուկյանի խնդրանքին։
Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, վերջինս ՌԴ նախագահին պատմել է, որ Կալինինգրադի մարզում բնակվող երիտասարդները ցանկանում են ճանապարհորդել՝ մեկնել Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և ՌԴ այլ քաղաքներ, սակայն ուղևորությունները ներքին ուղղություններով հաճախ ավելի թանկ են լինում, քան միջազգային ուղղություններով։ Սուրեն Մանուկյանը Պուտինին խնդրել է մեծացնել տարածաշրջանային ծրագրի պետական ֆինանսավորումը, որը թույլ է տալիս երիտասարդությանը ճանապարհորդական և կրթական նպատակներով շրջագայել ՌԴ քաղաքներում։
«Ամբողջովին համաձայն եմ ձեզ հետ, այդ հարցն անպայման պետք է լուծում գտնի և ոչ միայն երիտասարդների համար, այլ նաև բոլոր տարիքի անձանց համար։ Մենք սուբսիդավորում ենք և հետագայում էլ կսուբսիդավորենք, կարծում եմ, որ դա բավական չէ, որ պետք է հավելյալ քայլեր ձեռնարկել, որպեսզի հեշտ և շահեկան լինի մեկնել Կալինինգրադ կամ Կալինինգրադից, քան դեպի արտասահման»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նշել է նաև, որ կաջակցի «առաջարկին» և իր վարչակազմի և կառավարության ներկայացուցիչներին հանձնարարել է ձեռնամուխ լինել հարցի լուծմանը: