Այս տարի, արդեն երկրորդ անգամ է Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին տակնուվրա են արել, սրբապատկերները նորից կոտրել ու թափել:
Ինչպես հայտնում է Jnews.ge-ն, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր Նաիր Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում նկարներ և տեսագրություն է տարածել, թե ինչ վիճակում է վանքը։ Նաիրն տեսագրության մեջ հորդորում է մարդկանց չկորցնել իրենց խիղճը։
Նշվում է նաև, որ երիտասարդները վանքը հավաքել և մաքրել են։
Առաջին անգամ սրբատեղին ավիրել էին սույն թվականի ապրիլ ամսին։ Այդ անգամ եկեղեցին ավիրված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել սրբատեղին ավերված։
Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քրեական գործ էր հարուցել։ Հետաքննություն էր սկսվել ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել»: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում:
Հիշեցնենք, որ այս սրբատեղին 2018 թվականի մայիսի 16-ին ստացել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։