Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները խոսում են նրա հուսահատության և դիվանագիտական ճանապարհով իր նպատակներին հասնելու անկարողության մասին: Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Նման գործողությունները խոսում են միայն այդ ռեժիմի հուսահատության և դիվանագիտությունը շահավետ օգտագործելու անկարողության մասին»,- Մուսավիի խոսքը մեջբերել է Իրանի ԱԳՆ մամլո ծառայությունը: «Միակողմանի սահմանափակումների դիմելու ԱՄՆ-ի գործելակերպը այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել է բացարձակ պասիվ՝ ունակ միայն անհեթեթ պատժամիջոցների»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի ֆինասների նախարարությունը հայտարարել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակի ընդլայնման մասին՝ դրանում ներառելով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբին, ինչպես նաև երկրի ինը քաղաքացիների՝ երկրի հոգևոր առաջնորդի մերձավորներից: