ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեհաստան այցը սպասվում է հաջորդ տարի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլեկը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին նախատեսված այցը չեղարկվեց: Դեսպանի խոսքերով, այցը չկայացավ, քանի որ հայկական կողմը հանդիպում էր ցանկանում Լեհաստանի նախագահի հետ, իսկ վերջինս այդ պահին բացակայում էր մայրաքաղաքից:
«Հույս ունենք, որ այցը կկայանա հաջորդ տարի: Ամեն ինչ կանենք, որպեսզի այցի շրջանակներում հանդիպումներ կայանան բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ, և իհարկե, Լեհաստանի նախագահի հետ», - նշել է դեսպանը.
Դեսպանը նշել է, որ անհրաժեշտ է աշխատանք տանել, որպեսզի այցն ունենա տնտեսական բաղադրիչ, ինչի համար պետք է, որ մինչ այցը կայանա հայ-լեհական միջկառավարական խորհրի նիստ:
«Որպեսզի այն կայանա, վարչապետ Փաշինյանը պետք է հայկական կողմից համանախագահ նշանակի: Ամենայն հավանականությամբ նա կլինի տնտեսության ոլորտի փոխնախարարներից մեկը», - հավելել է դեսպանը: