Հայաստանի Հանրապետության վրա հարձակման դեպքում կգործադրվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 5-ին Երևանում ՀԱՊԿ խորհրդի նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, պատասխանելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կողմից կրակոցների վերաբերյալ հարցին:
«Եթե ՀԱՊԿ անդամ Հայաստանն անհրաժեշտություն տեսնի այդ հարցը դնել ՀԱՊԿ մյուս անդամների առջև, նա դրա իրավունքն ունի, բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը բարձրացնի: Հայաստանն այդ թեմայով ՀԱՊԿ-ին չի դիմել: Գուցե այս պահին նրանք կարծում են, որ այն, ինչ տեղի է ունեցել այդ շրջանում, բավարար հիմք չէ այդպես լուրջ արձագանքելու համար: Ինչ վերաբերում է պարտավորություններին, Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես դաշնակից, նրա վրա հարձակման դեպքում կգործադրվի ՀԱՊԿ-ի մեխանիզմը: Ուշադրություն դարձրեք, որ Հայաստանի տարածքում է մեր 102-րդ ռազմաբազան, դա հենց այնպես չէ այստեղ»,- ասել է Զատուլինը: