ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն (ANCA) անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, որում նշվում է, որ 2019թ.-ի ֆինանսական տարում Հայաստանին 60 մլն դոլար օժանդակություն է տրամադրվել, ինչը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավել է:
«Մենք ողջունում ենք դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունն առ այն, որ 2019 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրվող օգնությունը կգերազանցի 60 միլիոն դոլարը, ինչը նա որակեց որպես 40 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ ԱՄՆ դեսպանատունը հրապարակայնորեն մանրամասն վերլուծություն ներկայացնի ֆինանսական տարվա, հովանավորող կառույցի, գործունեության ոլորտի և կոնկրետ ծրագրի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով, թե արդյոք ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական օգնությունը համապատասխանում է Հայաստանին տրամադրվող օգնությանը»,- ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքից: