Ամենայն հավանականությամբ, «Լիդիան ինթերնեյշնլ» -ի և Կառավարության հարաբերությունները կրկին կպարզվեն դատարանում: Բանն այն է, որ ընկերությունը դիմել էր Շրջական միջավայրի նախարարությանը Դարբ գետից 43,5լ/ վրկ ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով: Արձանագրենք, որ դա տեղի էր ունեցել սույն թվականի հուլիսին: Ընկերության դիմումին պատասխանը եղել է սեպտեմբերին, երբ նախարարությունն ընկերությանն առաջարկել է վերանայել դիմումի պահանջը և, ըստ այդմ, հետաձգել էր թույլտվության հետ կապված իր որոշումը: Նույն ամսվա վերջում ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարության պահանջին՝ ներկայացնելով իր կողմից վերանայված և նախարարության պահանջներին համապատասխան դիմումը՝ 40լ/վրկ:
Նախարարության որոշումը՝ դիմումի մերժման մասին, «Լիդիան ինթերնեյշնլը» ստացել է հոկտեմբերի 31—ին: Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն, եթե Նախարարությունը որոշում չի տրամադրել 50 աշխատանքային օրվա ընթացքում, ապա դիմումը համարվում է բավարարված, և ընկերությունը կարող է օգտվել համապատասխան իրավունքից: «Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առիթով ասել է, – «Ցավալի է, որ «Լիդիանը» պետք է դարձյալ դիմի դատական մարմիններին՝ ակնկալելով, որ դատարանը կանխի Ամուլսարի ծրագիրն իրականացնելու «Լիդիանի» իրավունքի խախտման ապօրինի փորձերը»:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին վարչապետ Փաշինյանն իր ուղիղ եթերներից մեկով, փաստացի հայտարարեց, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված որևէ խախտում չի հայտնաբերվել: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ շուրջ մեկ տարի առաջ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումն ապօրինի էր:
Փաստացի ստեղծվել է մի շփոթ, որի բացատրությունը դժվար է գտնել: Կառավարության ղեկավարը հայտարարում է խախտումների բացակայության մասին՝ նշելով, որ հանքը կշահագործվի, որից հետո վարչական դատարանն իր հերթին «կանաչ լույս է վառում» հանքի շահագորժման համար, մինչդեռ Շրջակա միջավայրի նախարարությունը շարժվում է ճիշտ հակառակ տրամաբանությամբ:
Արդյո՞ք սա հատուկ ընտրված գործելաոճ է՝ մեսիջ ուղղված որոշակի խմբերի: Թե՞ սա այն կծիկի տրամաբանական շարունակությունն է, որ հյուսվեց իշխանության գալու պահին արված շուտափույթ, չհաշվարկված պոպուլիստական հայտարարությունների արդյունքում: Բարձրագոչ հայտարարություններ, որոնց թողած բացասական հետևանքները երկրի վարկանիշին, իշխանությունների մոտ առաջացրեցին դրա գիտակցությունը, ինչի արդյունքում անուղղակիորեն հայտարարվեց, որ ժամանակին ճիշտ էին, իրենք՝ սխալ: Բայց այդ ընթացքում ժամանակն անցավ, և հանրության մեջ արդեն մարսվել էր հակատրամադրվածության մեծ ալիք: Հիմա, մի կողմում հանրությունն է, որին այլ բան է խոստացվել, մյուսում՝ երկրի վարկանիշը:
Մտավախություն կա, որ հենց այս երկու ուղղություններով էլ փորձ է արվում միաժամանակ «կրակ հանգնցնել»: Այստեղից էլ շփոթը: Միայն թե հստակ է, որ իշխանությունը շարունակում է մեծացնել կծիկը, ուրիշ ոչինչ: