ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին, որոնք անցյալ շաբաթ ընդունվել են Ներկայացուցիչների պալատում՝ պատճառաբանելով, որ երկու նախաձեռնություններն էլ կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի՝ առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա լարվածությանը: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության ավագ պաշտոնյան փոխանցում է Bloomberg-ը:
H.R. 4695 բանաձևով պատժամիջոցներ են սահմանվում թուրք ավագ պաշտոնյաների դեմ, որոնց մուտքն ԱՄՆ արգելվում է: Բանաձևով արգելվում է նաև ԱՄՆ պաշտպանական տեխնիկայի մատակարարումը Թուրքիա՝ Սիրիայում օգտագործելու նպատակով:
Գործակալությունը հիշեցնում է, որ նույն օրն ընդունվել է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ինչին ընդդիմանալով՝ Էրդողանի կառավարությունը ԱԳՆ էր կանչել ԱՄՆ դեսպանին:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը՝ Սիրիայում թուրքական գործողությունները դատապարտելուն զուգահեռ, անժամանակ է եղել:
Նշվում է, որ Թրամփի վարչակազմը զերծ է մնացել նման նախաձեռնության մասին հայտարարություններ անելուց, թեև նախորդ վարչակազմերը ևս զգուշավոր են եղել Ցեղասպանության մասին բանաձևերի հարցում՝ պնդելով, որ դա միայն կխանգարի հաշտեցմանը: Աղբյուրը շեշտում է, որ Թուրքիան տարիներ շարունակ զգուշացրել է, որ նման բանաձևերը կարող են հանգեցնել հարաբերությունների խաթարման:
Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն իր դիրքորոշումը չի փոխել. երկիրը սգում է 1.5 մլն հայերի մահը, որոնք արտաքսվել և սպանվել են Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: «ԱՄՆ-ն ոգեկոչում է Մեծ Եղեռնը՝ այն անվանելով 20-րդ դարի վատագույն զանգվածային վայրագություններից մեկը և ողջունում Հայաստանի ու Թուրքիայի ջանքերն՝ առերեսվելու իրենց պատմությանը»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: