Եվրամիությունը գտնում է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում պարտավորությունների՝ Թեհրանի կողմից հայտարարված հերթական կրճատումը հարցականի տակ է դնում այդ գործարքն ընդհանրապես: Այդ մասին նոյեմբերի 5-ին Բրյուսելում հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների կրճատման վերաբերյալ Իրանի այսօրվա հայտարարությունն անհամատեղելի է նրա հանձնառությունների հետ: Սակայն, ինչպես միշտ, մենք ակնկալում ենք ՄԱԳԱՏէ-ի գնահատականը, որն այդ որոշման հետևանքները գնահատելու փորձ և հնարավորություններ ունեցող միակ կառույցն է: ԵՄ-ն միշտ էլ հանդես է եկել այդ համաձայնագրի պահպանման օգտին, նույնիսկ դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, սակայն այսօրվա որոշումը խնդրահարույց է դարձնում դրա կատարումը»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը նոյեմբերի 6-ից կսկսի ցենտրիֆուգների օգտագործումը Ֆորդոյի օբյեկտում, ինչն արգելված է միջուկային գործարքով: