Լիբանանում արդեն երկու շաբաթ է չեն դադարում հակառավարական ցույցերը՝ չնայած հոկտեմբերի 29-ին վարչապետ Սաադ Հարիրի հրաժարականին: Նախագահ Միշել Աունի՝ բողոքի ակցիայի մասնակիցների հետ երկխոսություն հաստատելու նախաձեռնություններն արձրագանքի չեն արժանանում վերջիններիս կողմից:
Ցուցարարները պահանջում են ոչ միայն կառավարության հրաժարականը, այլև երկրում 1990 թվականից կիրառվող կառավարման համակարգի փոփոխություն, որը հիմնված է դավանական սկզբունքի վրա: Լիբանանցիների կարծիքով՝ կառավարման համակարգը երկրում կոռուպցիայի և հովանավորչության հիմնական պատճառն է: Լիբանանցիները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, տեխնոկրատների կառավարության ձևավորում, որը որևէ կապ չի ունենա խորհրդարանում ներկայացված կուսակցություններից ոչ մեկի հետ, ինչպես նաև հարկային և տնտեսական բարեփոխումներ:
Վերջին պահանձի բավարարումը բավականին բարդ խնդիր է լինելու: Երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ են տնտեսման բավականին խիստ միջոցառումներ, ինչն, ի դեպ, փորձում էր իրականացնել Հարիրիի կառավարությունը՝ միջազգային դոնորներից հերթական ֆինանսական օգնությունը ստանալու համար և ինչը հանգեցրեց երկրում բողոքի զանգվածային ակցիաների:
Տեխնոկրատների կառավարությունը որոշակիորեն կարող է օգնել սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանը, եթե դրանում ներկայացված չլինի շիական «Հզբոլլահ» շարժումը: Վերջին տարիներին Ծոցի միապետությունները որոշակիորեն վերանայել են Լիբանանին ֆինանսական օգնություն տրամադրելու իրենց քաղաքականությունը՝ պայմանավորված այդ երկրի իշխանություններում իրանական ազդեցության և մասնավորապես «Հզբոլլահ»-ի դիրքերի ամրապնդմամբ: «Հզբոլլահ»-ի բացակայությունը Ծոցի միապետությունների կողմից Լիբանանին տրամադրվող ֆինանսական օգնությունը մեծացնելու մեծ հավանականություն է ստեղծում: Թեև դրսի օգնությունը կարող է ժամանակավորապես որոշակիորեն կայունացնել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները, սակայն մյուս կողմից դա կարող է լուրջ հարված հասցնել երկրի քաղաքական կայունությանը: Շարժման առաջնորդ Նասրալլահի ելույթներից, ինչպես նաև շարժման անդամների և աջակիցների կազմակերպած ակցիաներից արդեն ակնհայտ է, որ «Հզբոլլահ»-ը չի պատրաստվում առանց «մարտի» զիջել իր դիրքերը Լիբանանում: Սա կարող է հանգեցնել ավելի մեծ անկայունության՝ երկիրը կանգնեցնելով հերթական քաղաքացիական պատերազմի վտանգի առջև: