Ռուսաստանը գնահատում է դիրքորոշումը, որը ԵԽԽՎ-ում զբաղեցրել է հայկական պատվիրակությունը՝ կապված ռուսական պատվիրակության իրավունքների վերադարձի հարցի հետ: Այս մասին նոյեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հաղորդում է News.am-ը:
Այդ ամենը, նրա խոսքով, երկու եղբայրական ժողովուրդների և ռազմավարական դաշնակիցների երկկողմ հարաբերությունների շատ լավ և շատ կարևոր բաղադրիչ է: «Մենք զգալի չափով լուծում ենք ընդհանուր խնդիրները: Այսօրվա թեմաներն արտացոլում են այն կարևոր դերը, որը խորհրդարաններն ունեն մեր երկկողմ հարաբերություններում և բազմակողմ ձևաչափով մեր փոխգործակցությունում: Դա նաև ԵՏՄ շրջանակում մեր ինտեգրացիոն գործընթացն է: Շատ լավ է, որ այստեղ ներկա է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարը: Դա հերթական անգամ ապացուցում է, որ ինտեգրացիոն գործընթացն իսկապես զարգանում է և անցնում նոր մակարդակի: Իհարկե, խորհրդարանականները, այդ թվում նաև օրենսդրական գործունեության ճանապարհով, պետք է այդ հարցում շատ մեծ դեր ունենան»,- նշեց դեսպանը;