ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում ունեցած իր վարկանիշով զիջում է Դեմոկրատական կուսակցության հինգ ներկայացուցիչների, ովքեր կարող են իր մրցակիցը դառնալ 2020-ին սպասվող նախագահական ընտրություններում: Այդ մասին են վկայում The Washington Post-ի և NBC հեռուստաընկերության պատվերով իրականացված հարցման արդյուքները:
Հարցման տվյալների համաձայն՝ նախագահ դառնալու ամենամեծ հնարավորություններն այս պահի դրությամբ ունի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: Նրան հաջորդում են կրկին Դեմոկրատական կուսակցությունից՝ Վերմոնտ նահանգից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը, Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Ինդիանա նահանգի Սաունթ-Բենդ քաղաքի քաղաքապետ Փիթ Բութեջաջը և Կալիֆորնիայից սենատոր Քամալ Հարիսը:
Հարցումը փաստում է, որ եթե ընտրություններն անցկացվեին հիմա, ապա գործող նախագահ Դոնալդ Թրամփը կպարտվեր վերը նշված թեկնածուներից յուրաքանչյուրին:
Ինքը՝ Թրամփը, նման հարցումներին լուրջ չի վերաբերվում և բազմիցս նշել է, որ որոշ ԶԼՄ-ներ հարցումներ են «պատվիրում»՝ փորձելով արդյունքում ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Իսկ իրականությունն, ըստ էության, բավական անկանխատեսելի է:
Թրամփը շարունակում է պնդել, որ դեպի 2020-ի ընտրություններ գնում է վստահ համոզմունքով, որ հաղթելու է: Այնինչ հակառակորդները պնդում են, թե գործող նախագահն սպառել է իրեն և հաղթանակը Դեմոկրատական կուսակցության թեկնածուինն է լինելու: Իսկ դեմոկրատներից, ինչպես արդեն նշեցինք, հարցումների համաձայն ամենամեծ հնարավորություններն այս պահի դրությամբ ունի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: Խնդրահարույց է սակայն այն, որ շատ ամերիկացիների համոզմամբ 77-ամյա Բայդենը պարզապես «չի դիմանա» մինչև 2020-ի ընտրություններ: Եվ խոսքն այստեղ և՛ փոխաբերական, և՛ ուղղակի իմաստով է. Բայդենը լուրջ առողջական խնդիրներ ունի: Եվ եթե այս ամենին գումարենք նաև այն, որ շարունակում է օրակարգում մնալ Թրամփի իմփիչմենթի հարցը, ստանում ենք այսօրվա ԱՄՆ-ի ներքաղաքական գունապնակը՝ անկանխատեսելի ու հետաքրքիր զարգացումներով: