Գյումրիում քննարկվել է ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծման հարցը: Նոյեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը, փոխանցում է news.am-ը:
Ըստ նրա՝ սա իսկապես անչափ կարևոր հարց է: «Ինչ վերաբերում է ճանապարհային քարտեզին, ապա ԵԱՏՄ-ի համար միասնական էներգետիկ շուկան այս աշխատանքի ամենակարևոր ուղղություններից մեկն է: Այս ամբողջ աշխատանքը պետք է ավարտվի մինչև 2025 թվականը»,- ընդգծեց Վորոբյովը:
Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու մյուս տարվա հուլիսին Կրասնոյարսկում: