«Արդար Ռուսաստան» կուսակցությունը ներկայացնող Պետդումայի պատգամավոր Օլեգ Նիլովը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում կատարեց կոզակների «Սև ագռավ» («Черный ворон») երգը, հայտնում է Sputnik-Արմենիան:
Հանդիպումը տեղի ունեցավ Գյումրիում, որը Թուրքիայի հետ սահմանին է։ Այստեղ է տեղակայված նաև 102-րդ ռուսական ռազմակայանը և սահմանապահ ջոկատը։ Պատգամավորները հավաքվել էին «Սև բերդում»։ Այն հիմնադրել են կոզակները Նիկոլայ I կայսեր կառավարման օրոք, երբ Արևելյան Հայաստանն ազատվեց պարսից լծից։ Հայաստանում կոզակների ձեռամբ կանգնեցված պատմական շինության պատերը ոգեշնչեցին Նիլովին` երգ կատարել անմիջապես հանձնաժողովի նիստի ժամանակ։
Պատգամավորն ասաց, որ բերդը խորհրդանշում է հայ–ռուսական հարաբերությունների և ավանդական արժեքների ոգու համախմբվածությունը։