ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշնակիցներին կոչ է արել «պատասխանատվություն ստանձնել» և տարբեր հարցերով տարաձայնությունները հաղթահարել` ապահովելու համար հավաքական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միասնությունը:
Գերմանիայի հետազոտական կենտրոններից մեկում ելույթ ունենալիս Ստոլտենբերգը նշել է, որ շատերն են հիմա խոսում դաշնակիցների միջև տարաձայնությունների մասին առևտրի, էներգետիկայի, կլիմայի, Իրանի, ինչպես նաև Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի հարցերով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ «նորմալ է 29 ժողովրդավարությունների» միջև դիրքորոշումների տարբերությունը:
«Մենք անցյալում էլ ենք լուրջ տարաձայնություններ ունեցել: Բայց միշտ, վերջին հաշվով, հաջողվել է միավորվել մեր առանցքային խնդրի շուրջ՝ պաշտպանել միմյանց»,- ասել է նա:
«Այս պատճառով յուրաքանչյուր դաշնակցի ազգային շահերի շրջանակում է միասնական մնալը, մենք բոլորս պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր տարաձայնությունները հաղթահարելու այսօր, ինչպես եղել է նախկինում»,- հայտարարել է Ստոլտենբերգը: