Շարունակվում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների նստացույցը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:
Այսօր ցուցարարներին է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնել է, որ չի կիսում երիտասարդների և ուսանողների կարծիքը Արայիկ Հարությունյանին ուղղված մեղադրանքների մասով, որը երեկ «անդաստիարակ» էր անվանել իրեն քննադատողներին: Փաշինյանը նշեց, որ այդպիսի գնահատական չի կարող լինել և խիստ կասկածում է, որ նախարարը նման բան է ասել, հայտնում է Yerkir.am-ը: Հիշեցնենք, Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՅԴ ոչ հայաստանյան կառույցներին՝ կոչ անելով «տեր կանգնել իրենց կուսակցությանը»: «Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»,- ասել էր նա:
Արայիկ Հարությունյանը նաև դիմել է ուսանողներին՝ կոչ անելով թույլ չտալ ուրիշներին ազդել իրենց վրա: «Սիրելի ուսանողներ, մենք պատրաստ ենք ուղիղ շփվել ձեր խմբերի հետ: Պարզապես խնդրանքս է` մի թույլ տվեք համալսարանների որոշ պաշտոնյաների, ովքեր տապալել են ոլորտը, ազդեն ձեր որոշումների վրա: Ես ձեր գործընկերն եմ ու ընկերը: Հարցեր կան, առանց կաշկանդվելու դիմեք»,- ասել է նա: Հատկապես ուշագրավ է նման հայտարարությունն այն քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից, ում շարժիչ ուժերից մեկը հեղափոխության օրերին ոչ միայն ուսանողները, այլև աշակերտներն էին: Բավական է հիշել միայն, որ այդ օրերին հեղափոխականներն անմիջապես Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուղիղ եթերում շրջում էին բուհերի միջանցքներով: Եվ այսօր նրանք կոչ են անում չտրվել ազդեցություններին:
Սակայն էլ ավելի ցավալի է այն, որ նախարարը խուսանավում է դժգոհությունների բովանդակությանը պատասխանելուց, բարձրացվող խնդիրներին արձագանքելուց: Հերթական անգամ խնդիրը տեղափոխվում է քաղաքական հարթություն, հնչում են «դավադրության» մասին զգուշացումներ և մեղադրանքներ նախկինների հասցեին, որոնք «տապալել են համակարգը»: Այնինչ հարցի լուծումը պետք է լիներ սեփական քայլերի հիմնավորումը, փաստարկումն ու բաց քննարկումը:
Բայց չէ՞ որ ավելի հեշտ շարունակել հեղափոխական լինելը, քան պետական քաղաքականություն մշակելը, իրականացնելն ու դրա համար պատասխանատվություն ստանձնելը: