Նոյեմբերի 8-ից Վրաստանն ու Հայաստանը կանցնեն օդային տարածության ազատ թռիչքների ռեժիմին: Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանն առընթեր «Սակաէրոնավիգացիա» ընկերության մամուլի ծառայությունը, հաղորդում է News.am-ը` հղում կատարելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Ծրագիրը ենթադրում է Վրաստանի և Հայաստանի տարածքներում օդանավերի կողմից ազատ երթուղիների օգտագործման հնարավորություն՝ միայն մուտքի և ելքի կետերի նշմամբ: Ընտրված երթուղիները կնշվեն որպես Հարավային Կովկասի օդային տարածքի ազատ երթուղիներ (Free Route Airspace in South Caucasus Area, FRASC): Դա նշանակում է, որ առկա ավիացիոն երթուղիների փոխարեն դրանք կկարողանան թռչել ուղիղ հետագծով:
Ինչպես նշել է «Սակաէրոնավիգացիա»-ի գլխավոր տնօրեն Գոչա Մեզվրիշվիլին, այժմ Free Route Airspace համակարգը ծածկում է Եվրոպայի օդային ամբողջ տարածքի երեք քառորդ մասը:
«Ուրախ եմ, որ Անդրկովկասում առաջինն ենք, որ ներմուծեցինք երթուղիների ազատ ընտրության համակարգը, և արդեն այսօր մենք սկսում ենք այդ հայեցակարգի երկրորդ փուլը: Մենք հնարավորություն ենք տալիս ավիաընկերություններին, որոնք մեկ երթուղով կարող են հատել Վրաստանը և Հայաստանը, ընտրել տեղափոխության ամենակարճ ճանապարհը, խնայել ժամանակն ու վառելիքը և, հետևաբար, ավելի արդյունավետ ծախսել գումար: Սա բավականին բարդ առաքելություն է, և ես ուրախ եմ, որ մեր թիմը հաջողությամբ է հաղթահարել այդ գլոբալ մարտահրավերը»,- ասել է նա:
«Սակաէրոնավիգացիա»-ն ծրագիրն իրականացնում է Հայաստանի օդանավային ծառայություններ մատուցող կազմակերպության՝ ARMATS-ի հետ: Երկու պետությունների իշխանությունները սկսել են այդ ուղղությամբ աշխատանքները դեռևս 2017-ին:
Վրաստանը միացել է ազատ օդային երթուղիների ներդրման մասին օդային անվտանգության եվրոպական կազմակերպության նախաձեռնությանը 2017-ին: Համաձայն կազմակերպության գործողությունների ծրագրի՝ ազատ օդային երթուղիները կներդրվեն ամբողջ Եվրոպայում արդեն 2022-ին: