Նոյեմբերի 9-ին Գերմանիայում նշվում է Բեռլինի պատի անկման և Բեռլինի վերամիավորման 30 ամյակը։ Շուրջ 28 տարի Գերմանիայի մայրաքաղաքը 155 կմ երկարություն ունեցող հսկա պատով բաժանված էր երկու՝ արևմտյան և արևելյան հատվածների։
Բեռլինի պատը «սառը պատերազմի» ամենանշանավոր խորհրդանիշն էր, կառուցվել էր 1961թ. օգոստոսի 13-ին, Վարշավյան պայմանագրի երկրների կոմունիստական և աշխատավորական կուսակցությունների քարտուղարների առաջարկով: Տարիներ շարունակ Արևմտյան Բեռլին այցելելու համար Գերմանիայի Դեմոկրատական հանրապետության քաղաքացիներից հատուկ թույլտվություն էր պահանջվում. ազատ անցման իրավունք ունեին միայն թոշակառուները:
1989թ. նոյեմբերի 9-ին՝ ժ. 19:34–ին, ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Գյունտեր Շաբովսկին ուղիղ եթերում հայտարարեց, որ հաջորդ օրվանից ԳԴՀ բոլոր բնակիչները կարող են անարգել արտոնագիր ստանալ՝ Արևմտյան Բեռլին այցելելու համար:
Պատի ապամոնտաժումը սկսվել էր դեռ 1990 թվականի հունիսից, ավարտվել՝ 1992 թվականին։ Սոցիալիստները պնդում էին, որ պատը կառուցվել է բնակչությանը ֆաշիստական տարրերից պաշտպանելու համար, սակայն գործնականում պատը ծառայում էր՝ որպես պատնեշ՝ մասսայական արտագաղթի և դասալքության արգելք համար։ Տարբեր տվյալներով՝ Բեռլինյան պատն անցնելու փորձի ժամանակ զոհվել է 100-1200 մարդ, եղել են հարյուրավոր վիրավորներ, ավելի քան 75 000 մարդ ձերբակալվել է: ԳԴՀ քրեական օրենսդրության համաձայն՝ պատից այն կողմ անցնելը համարվում էր փախուստ, որի համար սպառնում էր ութ տարվա ազատազրկում:
Բեռլինի պատի հետ կապված դաժան պատմությունները Գերմանիայում չեն մոռանում և նոյեմբերի 9-ը նշում են՝ որպես դրանց հաղթահարման և Գերմանիայի միավորման օր: