Իսրայելի պաշտպանության բանակը նոյեմբերի լույս 12-ի գիշերը Գազայի հատվածում հարված է հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատարին: Այս մասին տեղեկացնում է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը:
«Գիշերը Գազայում հարված է հասցվել «Իսլամական ջիհադի» ավագ հրամանատար Բահա Աբու ալ Աթային: Բանակի գործողությունները հանձնարարվել էին Իսրայելի Գլխավոր շտաբի պետի և Ընդհանուր անվտանգության ծառայության տնօրենի կողմից և հավանության արժանացել վարչապետի և պաշտպանության նախարարի կողմից այն բանից հետո, երբ դրանք ներկայացվել էին և հաստատվել Իսրայելի անվտանգության կաբիենտի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի Kan պետական ռադիոկայանը, վկայակոչելով պաղեստինյան աղբյուրներ, հաղորդել է, որ ալ Աթան Գազայի հատվածում իրականացված գիշերային գրոհի հետևանքով սպանվել է, ևս երեք հոգի վիրավորվել է: