Ռուսաստանը կրկին ընդգծում է իր հատուկ դերն Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում և սեփական կարգավորման տարբերակն է առաջ մղում: Դա առավել ակնհայտ դարձավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցի և արված հայտարարությունների ֆոնին:
Լավրովի երևանյան այցից առաջ «Մեդիամաքսին» տրված հարցազրույցն ու ասուլիսի ժամանակ արված հայտարարությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանն ընդգծում է իր հատուկ դերը, որպես Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ և հակամարտության կարգավորման իր տեսլականն է առաջ մղում: Հատկապես ուշադրության է արժանի Լավրովի այն դիտարկումը, որ Ռուսաստանը, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության, թե՛ ազգային մակարդակով՝ պատրաստ է ակտիվ միջնորդական ներգրավվածություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ:
Լավրովի հայտարարությունը, որ ցանկացած պայմանավորվածության ամրագրման դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, բնակչության համաձայնությունը պարտադիր է լինելու, մեծ ոգևորություն առաջացրեց: Սակայն, այստեղ նորություն չկա՝ հակամարտության կարգավորման այսպես կոչված «մադրիդյան» սկզբունքների գաղտնազերծված մասում հստակ նշված է, որ Արցախի վերջանական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով:
Այս հարցի վերաբերյալ Լավրովի հայտարարություններն ավելի շատ մտահոգության, քան ուրախանալու տեղիք են տալիս: Այցին նախորդած հարցազրույցում Լավրովը նշել էր, որ «կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա»: Իսկ սա նշանակում է, որ ռուսական կարգավորման տարբերակում հանրաքվեի արդյունքները կարող են ոչ թե վերջնական լուծում թելադրել, այլ բանակցությունների հիմք ծառայել՝ այսինքն հետագա քննարկման և համաձայնեցման դրվել:
Սա մեզ համար հստակ հետքայլ է, որին համաձայնելը հայկական կողմերի համար խիստ բացասական հետևանքներ կարող է ունենալ: Դրանով էլ բացատրվում են Ռուսաստանի արտգործնախարարի ռևերանսները Հայաստանի իշխանությունների հասցեին և դրական գնահատականները հարաբերությունների առկա մակարդակի վերաբերյալ: