Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զահրաբ Մնացականյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել է, որ Մոսկվան պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու հարցում առաջընթաց գրանցելու համար:
Սակայն ինչպես հետևում է Լավրովի մեկ այլ հայտարարությունից, ըստ էության, հնարավորություններ ասելով՝ ՌԴ ԱԳ նախարարն ի նկատի ունի ոչ այնքան Թուրքիայի հետ Ռուսաստանի ունեցած բավականին դինամիկ զարգացող հարաբերությունները, որքան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը: Լավրովը, մասնավորապես, հայտարարել էր, որ թեև Մոսկվան աջակցել է 2009 թվականին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների կնքմանը, սակայն Հայաստանին նախազգուշացրել է, որ չտարվի այդ գաղափարով և հաշվարկներով, որ արձանագրությունները կարող են ուժի մեջ մտնել առանց նախապայմանների, անկախ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից:
Իսկ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի տեսլականի վերաբերյալ եզրակացություններ կարելի է անել «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցից, որում ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով՝ հիմնված պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման վրա: Սա բանակցային գործընթացում հայկական կողմերի համար ստեղծում է լուրջ մարտահրավերներ. եթե նախկինում ամրագրվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշումը պետք է տեղի ունենա իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով, ապա այժմ՝ դրա վրա հիմնված բանակցությունների արդյունքում: Վերջինս չի երաշխավորում, որ վերջնական կարգավիճակը նույնական է լինելու հանրաքվեի արդյունքներին:
Այս համատեքստում հետաքրքիր է, որ ընդամենը երկու ամիս առաջ Լավրովը հայտարարում էր, որ Հայաստանն ապակառուցողականություն է ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը: Ի դեպ պաշտոնական Երևանը այս ընթացքում չի հրաժարվել իր այդ հայտարարություններից, սակայն Երևանում Լավրովը նախընտրեց անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության՝ նշելով, որ կարգավորումը պետք է արտահայտի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի շահերը:
Մոսկվայի հռետորաբանությունը Հայաստանի նկատմամաբ ակնհայտորեն փոխվել է, ինչը, կարող է պայմանավորված լինել իր տեսլականն առաջ տանելու մտադրությամբ: