Reuters գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսության ձեռք բերած հաջողություններին, մասնավորապես նշելով, որ «տնտեսական բարեփոխումների արդյունքում» մեծանում է մեր երկրի գրավչությունը եկամտի ձգտող ներդրողների շրջանում:
Ուրախալի է, որ գործակալության փորձագետների գնահատմամբ մեր երկիրը տարածաշրջանում այս ցուցանիշի աճով առաջատարի դիրքում է: Հատկապես ընդգծվում է եվրոբոնդերի վերջին թողարկման պահին առաջարկը գերազանցող պահանջարկի փաստը:
Ներկայացնում ենք մի քանի դիտարկում այս ամենի հետ կապված:
Եվրոբոնդերի մասով
Սեպտեմբերին Հայաստանի կողմից 500 մլն դոլարի ավելի ցածր տոկոսադրույքով եվրոբոնդերի թողարկումն, անշուշտ, վստահության դրսևորում է Հայաստանի տնտեսության նկատմամբ` պայմանավորված մի շարք հանգամանքներով, այդ թվում՝
ա. Տարիներ ի վեր ցուցադրած վճարունակությամբ
բ. Տնտեսական քաղաքականության տենդենցներով
գ. Եվրոբոնդերի շուկայում տեղի ունեցող փոփոխություններով (այդ թվում` պահանջարկի նվազման միտում)
ՀՀ կողմից թողարկված եվրոբոնդերի նկատմամբ պահանջարկի աճի հիմքում ևս նախորդ հանգամանքներն են, ինչպես նաև մի շատ կարևոր իրողություն. քաղաքական փոփոխությունները: Իշխանափոխությունը ծնում է նոր սպասումներ:
Տնտեսական աճի մասով
2019թ. 6.5 տոկոսանոց տնտեսական աճը, որը հանդիսացել է Reuters-ի փորձագետների գնահատականի առանցքներից մեկը, մի կողմից դրական արձանագրում է, մյուս կողմից առաջացնում է սպասումների նոր ֆոն:
Հաջորդ տարվա կանխատեսումներով տնտեսական աճի տեմպը կդանդաղի (տարբեր կանխատեսումներով տատանվում է 5 տոկոսի շրջակայքում): Եթե 2020թ.-ի կանխատեսումը տեղավորվում է կառուցվածքային փոփոխությունների անցման տրամաբանության ներքո, ապա առաջիկա հաջորդող տարիներին, ելնելով ստեղծված սպասումներից, տնտեսական աճի տեմպի դանդաղումը ոչ միայն պիտի կանգնի, այլև` պիտի արագանա:
Անդրադառնանք նաև այլ կառույցների կողմից Հայաստանին առնչվող կանխատեսումներին.
Բացառապես բոլոր զեկույցներում, հատկապես շեշտվում է, ծառայությունների ոլորտի աճի ու զբոսաշրջության աճի մասին: Սա մի կողմից ուրախալի է, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում, մյուս կողմից ռիսկային, քանի որ Հայաստանի նշված ոլորտներում աճը որոշակիորեն պայմանավորված է գների աճով: Բացի այդ ոլորտներում գրանցված աճը գոնե այս պահի դրությամբ դեռևս հիմնական ու կայուն չէ: Եթե ինչ-ինչ պատճառներով դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը առաջիկա տարիներին նվազի, խնդիրն արագ կարտացոլվի նաև նշված զեկույցներում: Իսկ մենք գիտենք, որ այս տարի դեպի Հայաստանի զբոսաշրջիկների ներհոսքին մեծապես խթանեցին ՌԴ-Վրաստան օդային հաղորդակցության ոլորտում առաջացած խնդիրները:
Ամփոփելով նշենք, որ տնտեսական աճի նկատմամբ առաջացած բարձր սպասումը մի կողմից, դեռևս ոչ կայուն աճը մյուս կողմից, մեր երկրի համար ապահովել են վարկանիշների և կանխատեսումների փոփոխության դրական, բայց դեռևս շատ փխրուն միտում: