Փարիզյան խաղաղության ֆորումի շրջանակներում վարչապետ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ ելույթը լայն քննարկումների տեղիք տվեց: Դրանք հատկապես սրվեցին պաշտոնական հայերեն թարգմանության հրապարակումից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ վարչապետի անգլերեն լեզվով հնչեցրած բանավոր խոսքի որոշ հատվածներ պարզապես տեղ չեն գտել հայերեն տեքստում: Ինչպես և սպասելի էր՝ դրանք ամենաշատը քննարկման առարկա դարձած հատվածներն էին:
Դրանցից մեկը հատկապես հուշագրավ էր: Իր ելույթի ավարտից հետո վարչապետ Փաշինյանը, ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան, սկսեց խոսել Արցախի՝ Ադրբեջանի կազմում արդեն իսկ ունեցած ինքնավարության մասին: Ինչպես արդարացիորեն նշեց վարչապետը՝ վերադարձ այդ կարգավիճակին կնշանակի նորից, զրոյից սկսել հակամարտությունը. դա մեզ համար անընդունելի է: Խնդիրն այստեղ այն է, որ վարչապետը, չգիտես ինչու և ինչ նպատակով, ԼՂԻՄ կարգավիճակի համար օգտագործեց «միջանկյալ կարգավիճակ» եզրույթը: Հիշեցնենք՝ վերջինս բանակցային տրամաբանության ներքո շատ վաղուց օգտագործվող տերմին է, ավելին, Արցախի համար միջանկյալ կարգավիճակ սահմանվել է բանակցային սեղանին եղած հիմնական փաստաթղթերով: Եվ դրանցից և ոչ մեկում միջանկյալ կարգավիճակը չի մեկնաբանվել՝ որպես Արցախի ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Ավելին, այն որևէ կերպ չի ենթադրել Արցախի համար ավելի ցածր կարգավիճակ, քան ունենք այսօր: Բայց փարիզյան իր ելույթում վարչապետը, չգիտես ինչու և ինչ նպատակով, միջանկյալ կարգավիճակը նույնացրեց ԼՂԻՄ կարգավիճակի հետ:
Սակայն, ի տարբերություն Փաշինյանի, կառավարությունում փաստորեն գտնվել են մարդիկ, որ հասկացել են, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ նման անպատասխանատու հայտարարություններն ու տպագիր հայերեն տեքստից պարզապես ջնջել հիշյալ հատվածները: Լուծվու՞մ է դրանից խնդիրը՝ իհարկե ոչ: Հատկապես, որ միջազգային հանրությունն ու մեր հակառակորդը primeminister.am-ի հայերեն թարգմանությամբ չէ, որ ծանոթանում է վարչապետի խոսքին: Ներքին լսարանին հերթական անգամ խաբել, մոլորեցնել գուցե և հաջողվի, բայց բանակցություններում մեր դիրքերին հասցված այս հարվածները մի օր իրենց շատ ցավոտ հետևանքները ցույց են տալու: Սա սրբագրել, վարչապետի աշխատակազմին, ցավոք, չի հաջողվի: