Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նամակ է հղել խորհրդի անդամներին, հայտնում է «Այսօր»-ը։
«Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն:
Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում:
Այս պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը: Այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը, որի կարևոր գործառույթներից մեկը, համաձայն օրենքի, Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելն է:
Հանրային խորհրդի վերջին նիստին ես Ձեզ ներկայացրեցի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգավոր են պետության համար: Գիտեք նաև, որ այդ փորձերն ապարդյուն են անցել:
Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը:
Կշարունակեմ պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի, ինչպես պայքարել եմ իմ ողջ կյանքի ընթացքում:
Սիրելի՛ գործընկերներ,
Հուսով եմ, որ Հանրային խորհուրդը կշարունակի պահպանել իր որակը և կշարունակի ծառայել իր նպատակներին», - ասված է նամակում։