Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում վարպետաց դաս ձևաչափով թեմատիկ քննարկման ժամանակ հերթական անգամ կոչ է արել պաշտոնական Բաքվին հանդես գալ հայտարարությամբ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ժողովուրդների համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Վալդայ» ակումբում ընդամենը մեկ ամիս առաջ ունեցած ելույթի ժամանակ, ուղղակիորեն անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, նշել էր, որ Ադրբեջանի համար ընդունելի է կարգավորումը միայն իր տարածքային ամբողջականության շրջանակներում: Ավելին, Ալիևը հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղն ունի բնակչություն՝ կազմված հայերից և ադրբեջանցիներից»:
Ալիևի այս ուղերձը Հայաստանում, ըստ էության, չեն ըմբռնել, և Հայաստանի իշխանությունները շարունակում են ցանկացած հնարավորություն օգտագործել Ալիևին խնդրելու կրկնել Փաշինյանի հայտարարությունը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի կողմից նման հայտարարությունը բեկում կմտցնի բանակցային գործընթացում: Սակայն պետք է նկատել, որ բանակցային գործընթացն արդեն ավելի քան 20 տարի է ընթանում է երեք կողմերի համար ընդունելի կարգավորում գտնելու տրամաբանության ներքո, ուստի հայտարարության բեկումնային լինելու հարցը շատ կասկածելի է:
Փոխարենն այս «աննախադեպ» հայտարարությունը բավականին խնդրահարույց է: Երբ Փաշինյանը հայտարարում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, Բաքվին հնարավորություն է տալիս հիմնավորված կերպով հրաժարվելու ընդունել Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացումը և դրա արդյունքները, այն դեպքում, երբ այն պետք է ուղղակի ի գիտություն ընդունվի: Այս համատեքստում հետաքրքրիր է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է բանակցությունների ժամանակ՝ հիմնված պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման վրա: