Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Վաշինգտոն ուղեկցվում էր Սպիտակ տան մոտ Լաֆայետի պուրակում բողոքի ցույցով: ԱՄՆ ու Թուրքիայի նախագահների բանակցությունների ողջ ընթացքում հնչում էին կոչեր ընդդեմ Թուրքիայի քաղաքականության, Էրդողանի այցի և նրա ընդունելությանը Սպիտակ տանը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Էրդողանին մեծ պատվով են դիմավորել Սպիտակ տանը: Այս մակարդակի ընդունելության պատիվը նա չէր վաստակել և արժանի չէր: Մենք մտահոգված ենք այս առիթով»,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Հիասթափված եմ, որ նման գործչին, ով վերջին տարիներին ոտնահարել է բազմիցս ամերիկյան արժեքները և շահերը, ու պատասխանատու է ամերիկացիներին ծեծի ենթարկելու համար հենց ամերիկյան հողի վրա, արժանացնում են կարմիր գորգին Սպիտակ տանը»,- նշում է հունական Hellenic American Leadership Council (HALC) կազմակերպության գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդոսը:
Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը կարևորում է բողոքի ցույցի անցկացումը, որը միասնական ուղերձ է ամերիկյան քաղաքական վերնախավին թուրքական քաղաքականության վերանայման համար: Բողոքի ցույցը միասնաբար կազմակերպել էին քրդական, հունական և ամերիկահայ կազմակերպությունները: