Ռուսաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Սիրիայում հայ հոգևորականների սպանությունը, փոխանցում է News.am-ը։ «Մենք անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Սիրիայի հայ համայնքին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքերով, Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող շրջաններում շարունակվող ահաբեկչությունները և բռնությունները քրիտոնյաների հանդեպ, անկասկած, տարակուսանք են առաջացնում։ «Այդ դաժան հանցագործությունները վկայում են այն մասին, որ այդ տարածքներում շարունակում են իրենց արտոնյալ զգալ ահաբեկչական կազմակերպությունները, որոնք դեռևս ոչնչացված չեն և որոնց դեմ անհրաժեշտ է իրապես պայքարել, ոչ թե պայքարի մասին զրույցներ անել, ինչի մասին մենք անվերջ լսում ենք մեր արևմտյան գործընկերներից, որոնք տարբեր պատճառներով գոռգոռում են և մի բան էլ արդարացնում են հանցագործությունները»,- ասել է նա։
Զախարովան նշել է, թե Մոսկվան վստահ է, որ Սիրիայում ահաբեկչությանը և ծայրահեղականությանը վերջ տալ կարելի է միայն այն պայմաններում, երբ ՍԱՀ օրինական կառավարությունը վերահսկի երկրի ամբողջ տարածքը՝ ապահովելով նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգը և խաղաղ, արժանապատիվ կյանքը բոլոր սիրիացիների համար՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից։