Ռուսաստանցի մասնագետներին Հայաստանի կենսալաբորատորիաներ թողնելու հուշագրի ստորագրման գործընթացը չպետք է ձգձգվի։ Այս մասին, ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ դիվանագետն ասել է, որ տվյալ պահին փաստաթղթի ստորագրման ամսաթվի մասին տեղեկատվության չի տիրապետում։ «Հուսով ենք, այն չի ձգձգվի»,- հավելել է նա։
Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքում հայտարարել էր հուշագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հուշագիրը երաշխավորում է, որ օտարերկրյա զինվորականներ Հայաստանի կենսալաբորատորիաներին հասանելիություն չեն ունենա։ Լավրովն ընդգծել էր, որ փաստաթուղթը կամրապնդի կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում երկու երկրների փոխհարաբերությունները։