Առաջինը Գորբաչովն է ասել, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, բայց շուտ հասկացվեց, որ դրանում չէ հարցը: Այս մասին այսօր իր ելույթում ասել է ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին:
«Այն արտահայտությունը, որ Արցախի հարցի լուծումը պետք է գոհացնի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, առաջինը Գորբաչովն ասաց, հետո շատ շուտ հասկացվեց, որ այդտեղ չի թաքնված հարցը: Գեղեցիկ նախադասություն է, որի տակ ազգային կամ քաղաքական նյութ չկա»,- ասել է Վազգեն Մանուկյանը:
«Մենք պետք է իմանանք՝ ինչ ենք ուզում, և արդեն ասել ենք ինչ ենք ուզում, ու պիտի հասնենք դրան, իհարկե, պռագմատիկ քայլերով»,- նշել է նա և հավելել, որ պետք է համախմբվել, և ոչ թե ինչ-որ անձի կամ քաղաքական ուժի շուրջը կամ դեմ, այլ համախմբվել որոշակի գաղափարական հենքի վրա: Եվ «Վերնատուն» ակումբի հետագա գործունեությունը պետք է նպաստի հենց դրան:
Նշենք, որ այսօր Երևանում տեղի է ունենում «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի առաջին համաժողովը: Վազգեն Մանուկյանը, ով ակումբի հիմնադիրն է, հայտարարեց, որ ակումբը դեռ ձևավորման շրջանում է: Մի քանի քննարկումներ են անցկացվել Արցախի հարցի, անվտանգության, տնտեսության, ներքաղաքական հարցերի հետ կապված: «Ակումբը որևէ քաղաքական ուժի չի պատկանում: Այն բոլորինն է»,- ասել է Մանուկյանը:
Համաժողովի օրակարգում երեք հարց է ներառված՝ Արցախյան հիմնահարցը, Հայաստանի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը և պետաիրավական հարցերը: