Ես երբեք Հայաստանն այսքան բզկտված չեմ տեսել, ի՞նչ համերաշխության մասին կարելի է խոսել: «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին այսօր իր ելույթում ասել է ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նա նշել է, որ նորանկախ շրջանում դրվեցին ազատ տնտեսության և ժողովրդավարության հիմքերը: «Հետո սկսվեցին շեղումները՝ փոքր շեղումներ, հետո մեծ շեղում: Մեծ շեղումը 1995-96թթ. ընտրություններն էին: Այդ շեղումը բոլոր իշխանությունների օրոք շարունակվեց: Եվ այդ շեղումը բերեց մեր ժողովրդի համար մի շատ վտանգավոր մտքի, որ այս պետությունը մերը չի, այն պատկանում է մարդկանց մի խմբի, որոնք իշխում են և հարստանում են»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ երբ 2018-ին պոռթկաց ժողովրդի այդ ցասումը, նպատակները երեքն էին՝ պետությունը վերադարձնել ժողովրդին, ապահովել օրինականություն և ազնվություն, և համերաշխություն: Մենք բոլոր արդյունքներին հասել ենք այն ժամանակ, երբ կարողացել ենք համերաշխությամբ միասին գնալ:
Մանուկյանի դիտարկմամբ՝ իշխանությունները ձգտումը, ելույթները որոշ ասպարեզներում մեղմացրեց կոռուպցիան, բայց դա կոռուպցիայի դեմ պայքար չէր: «Սակայն կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարություններով և ասֆլատին փռելով չէ, դա օրենքներ են և գործիքակազմ, որը չի կիրառվել Հայաստանում: Նախկին կառուպցիոներների դեմ պայքարի առիթն օգտագործվեց ամբողջ անցյալը ջնջելու նպատակով»,- ասել է նա:
«Պետությունը չվերադարձվեց ժողովրդին: Մի մարդ է որոշում Հայաստանի բոլոր հարցերը՝ Արցախի հարց, տնտեսություն, ներքին քաղաքականություն: Դա՞ էինք մենք ուզում: Մեզ պետք է իրական ժողովրդավար պետություն, որտեղ տարանջատված են օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները, ոչ թե միանձնյա կառավարում»,- ընդգծել է նա:
Վազգեն Մանուկյանի խոսքերով, կարելի է շարունակել ժողովրդի բնական ցանկությունների վրա խաղալ, բայց դա ապագա չունի: «Այս ճանապարհը տանում է դեպի անմակարդակ, ոչ ազգային բռնապետություն: Կստացվի՞, ո՛չ իհարկե»,- ասել է նա՝ հավելելով, որ մենք ունենք բավական գիտակից հասարակություն, մամուլ և քաղաքացիներ, որոնք դա թույլ չեն տա:
Եվ վերջում նա անդրադարձել է համերաշխության խնդիրն՝ նշելով. «Ես երբեք Հայաստանն այսքան բզկտված չեմ տեսել, ի՞նչ համերաշխության մասին կարելի է խոսել: Ժամանակների, սերունդների խզում է տեղի ունենում: Դեն են շպրտվում այն ամեն կարևորագույնները, ինչին հասել ենք ամբողջ ժողովրդով»:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում տեղի է ունենում «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի առաջին համաժողովը, որին մասնակցում ենք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիներ, հասարակական, քաղաքական գործիչներ, փորձագետներ և այլն: