Մենք գործ ունենք փակ աչքերի և փակ ականջների քաղաքականության հետ: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ընթացքում իր ելույթում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Մենք գործ ունենք փակ աչքերի և փակ ականջների քաղաքականության հետ, որն իրականացնում է այսօր մեր իշխանությունը իր հանրության նկատմամբ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է նա:
Բեքարյանի խոսքերով՝ իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում բովանդակային քննադատությանը, չի օգտվում հրապարակային հնչող վերլուծություններից: Դրա փոխարեն ընտրվում են մի քանի ոչ էական թեզեր, որոնց հակադարձելու միջոցով տպավորություն է ստեղծվում, թե իշխանություններն ունեն բոլոր հարցերի պատասխանները: «Այս կեղծ օրակարգ սարքելն ու մանիպուլյացիա իրականացնելը դարձել է լիակատար ու լիարժեք ձեռագիր: Դրա մյուս էլեմենտը սրբագրված տեքստերը հանրությանը մատուցելն է՝ թե ԱԳՆ-ի, թե վարչապետի աշխատակազմի կողմից»,- նշել է Կարեն Բեքարյանը՝ հավելելով՝ «իրականում մենք ունենք հասարակությանը մոլորեցնելու մոլուցք»:
Վերլուծաբավանի գնահատմամբ՝ այսօր չեն գործում նաև առկա մարտահրավերները գնահատելու, վերլուծություններ իրականացնելու գործառույթ ունեցող ինստիտուտները: «Խնդիրը ոչ թե այդ ինստուտներում աշխատող մասնագետներն են, մարդիկ, այլ այն, որ նրանք շատ պարզ սկսել են զգալ, որ նրանց ոչ մշակումը, ոչ կարծիքը, ոչ մոտեցումները ոչ մեկին պետք չէ: եվ անգործությունը հենց այստեղից էլ առաջանում է»,- ասել է նա: