Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ողջունում է Վրաստանում համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու միավորված ընդդիմության պահանջը և հույսով է նայում ապագային, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը չի ընդունել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զրոյական ընտրական շեմով:
Ընդդիմադիր ուժերի ղեկավարները խորհրդակցություններ են անցկացրել և հանդես են եկել միասնական պահանջով, այն է` նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական համակարգով և նշանակել անցումային կառավարություն:
«Իհարկե, ես ողջունում եմ վրացական ընդդիմության պահանջը, ես ակտիվորեն կներգրավվեմ այդ գործընթացում, Վրաստանը հարկավոր է փրկել»,- ասել է Սահակաշվիլին «Փիրվելի» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Նա հավելել է, որ կարևոր է համարում ցույցերը երկրի բոլոր տարածաշրջաններ տեղափոխելը և ակցիաները շարունակելը: Ներկայում խորհրդարանի շենքի առջև հանրահավաքն ավարտված է, բայց հարակից տարածքում մի քանի վրան է խփված, տասնյակ մարդիկ որոշել են գիշերել այդտեղ: