Այսօր Երևանում տեղի ունեցած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի առաջին համաժողովը բավական սուր արձագանք ստացավ իշխող ուժի և նրա համակիրների շրջանում: Անգամ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը զերծ չմնաց այդ թեմայով ծաղրանկար տեղադրելուց:
«Վերնատունը» Հայաստանի առաջին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրայի խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից հիմնադրված ակումբ է, որի հայտարարված նպատակը տարբեր քաղաքական ուժերի ներգրավմամբ պետության և հայ ազգի համար օրակարգային ամենակարևոր հարցերի քննարկումն է: Առաջին համաժողովին մասնակցել են տարբեր արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ: Առաջին համաժողովի օրակարգում երեք հարց է ներառված եղել՝ Արցախյան հիմնահարցը, Հայաստանի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը և պետաիրավական հարցերը:
Համաժողովը իշխանական թևի ներկայացուցիչները շտապեցին անվանել «մերժվածների», «քաղաքական դիակների» ակումբ, «սգո սրահ» և այլն: Իմ քայլական պատգամավորներին հետաքրքրեցին նաև ակումբի ֆինանսավորման աղբյուրները:
Հաշվի առնելով այն, որ ստեղծված հարթակը չունի քաղաքական պատկանելություն և հայտարարված նպատակը կարևոր հարցերի համար բաց հարթակի ապահովումն է՝ բոլոր շահագրգիռ կողմերի, քաղաքական ուժերի ներգրավմամբ, նման ագրեսիվ արձագանքն առավել քան անբնական է: Միանգամից մի քանի հարցեր է ծագում. իշխանությունները վախենո՞ւմ են «մերժված» ուժերի միավորումից, չե՞ն կարող օգուտ քաղել նրանց հնչեցրած գաղափարներից (անկախ ամեն ինչից՝ ելույթ ունեցողների մեծ մասը բավական երկար քաղաքական ուղի է անցել ու մեծ փորձ ունի), թե՞ պատրաստ չեն քննադատություն լսել ու բաց երկխոսության մեջ մտնել: Ինչո՞ւ է ազգային օրակարգի կարևոր հարցերի բաց քննարկումը նրանց մոտ նման ագրեսիվ արձագանք ծնում:
Պետականության զարգացման և ազգային շահերի առաջմղման անհրաժեշտությունը, առողջ տրամաբանությունը հուշում են, որ նման անհանդուրժողականությունն ուղղակի անընդունելի է: Եթե նույնիսկ գործող իշխանություններն այս կամ այն պատճառով նպատակահարմար չեն գտնում նման հարթակներում ներգրավվելն ու երկխոսության մեջ մտնելը, առնվազն պետք է ուշադիր հետևեն բոլոր հնչող գաղափարներին, քննադատությանը, առաջարկներին, առաջ մղվող լուծումներին՝ փորձելով մի կողմ դնել էմոցիաները և օգուտ քաղել հնչող կարծիքներից: