Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դիմել է Ռուսթավելու պողոտայում հավաքված ցուցարարներին՝ քաղաքական կուսակցությունների առաջնորդներին և ակցիայի կազմակերպիչներին, դադարեցնել խորհրդարանի շենքի մուտքերի շրջափակումը, տեղեկացնում է Առաջին վրացական հեռուստաալիքը, փոխանցում է News.am գործակալությունը։
«Նոյեմբերի 17-ի ակցիայի, ինչպես նաև ամբողջ գիշերվա ընթացքում ոստիկանությունն ապահովել է պայմաններ քաղաքացիների համար, որոնք անհրաժեշտ են հավաքվելու և ցույց իրականացնելու համար։
Միևնույն ժամանակ, Ռուսթավելու պողոտայում, խորհրդարանի շենքի առջև սկսված խաղաղ ակցիան այնուհետև ստացել է հակաօրինական բնույթ։ Մասնավորապես, հավաքվածների մի մասը շրջափակել է օրենսդիր մարմնի մուտքերը։ Բացի այդ, քաղաքական առաջնորդները բացահայտ կոչ են անում կողմնակիցներին խանգարել խորհրդարանական մարմնի գործունեությանը։
Մեկ անգամ ևս դիմում ենք խորհրդարանի առջև ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։
Վարչական մարմնի գրոհի կամ շրջափակումը շարունակելու դեպքում ոստիկանությունն օրենքով տրված մանդատի շրջանակում համապատասխան միջոցներ կկիրառի»,- ասվում է ՆԳՆ հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին տապալել էր սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, որոնք նախատեսում էին 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների անցկացում մեծամասնական ընտրակարգով՝ անցողիկ զրոյական շեմով: Նախաձեռնության քննարկումը շարունակելու համար անհրաժեշտ էր 150-ից 113 պատգամավորի ձայնը: Քվեարկության ժամանակ փոփոխություններին աջակցել է 101 պատգամավոր: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության 3 պատգամավոր դեմ է քվեարկել, ևս 39-ը ձեռնպահ է մնացել:
Իշխող կուսակցության կողմից իր խոստումը չկատարելուց հետո Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի առջև սկսվել է բողոքի անընդմեջ ցույց: Խորհրդակցությունների արդյունքներով ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները իշխանություններին 3 պահանջ են ներկայացրել՝ ժամանակավոր, տեխնիկական կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում համամասնական ընտրակարգով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերակազմավորում:
Նոյեմբերի 17-ին ընդդիմության մեծածավալ հանրահավաքին հայտարարվել է խորհրդարանի պիկետավորման մասին, օրենսդիր մարմնի շենքի բոլոր երեք մուտքերը արգելափակվել են: Ցուցարարները հայտարարում են, որ պատգամավորներին թույլ չեն տա ներս մտնել այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները չկատարվեն: