Իրանում արդեն մի քանի օր է իրավիճակը բավականին անկայուն է: Նոյեմբերի 15-ին բենզինի գինը 50 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ իշխանությունների որոշումն Իրանում բողոքի ալիք է բարձրացրել:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել մոտ 100 բնակավայրում, որոնց, ըստ իրանական աղբյուրների, մասնակցել է 87 հազար մարդ: Ինչպես երևում է համացանցում հայտնված տեսանյութերից, բողոքի ակցիաներն ուղեկցվել են անկարգություններով, մասնավորապես ցուցարաներն այրել են բանկեր, խանութներ, գրասենյակներ, լիցքավորման կետեր: Ցուցարարների նկատմամբ իրավապահներն ուժ են կիրառել: Վերջիններիս միջև բախումների արդյունքում կան զոհեր: Իրանական իշխանությունները հաղորդում են երկու զոհի մասին, որոնցից մեկը՝ իրավապահ: Տարբեր արտասահմանյան լրատվամիջոցներ, իրավապաշտպան կազմակերպություններ հաղորդում են մոտ 40 զոհի՝ այդ թվում իրավապահներ, և բազմաթիվ վիրավորների մասին: Հաղորդվում է նաև հարյուրավոր ձերբակալվածների մասին: Իրանի իշխանությունները բողոքի ակցիաների պատճառով երկրում անջատել են ինտերնետը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին միանգամայն բնական է անվանել, որ կառավարության ընդունած այս որոշումը ոչ բոլորի համար է ընդունելի, և մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ միևնույն ժամանակ ընդգծելով ժողովրդի բողոքելու իրավունքի չարաշահման և բանկերի, ոստիկանական տեղամասերի ու հաստատությունների վրա հարձակման անթույլատրելիությունը:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին էլ հայտարարել է, որ իշխանության ճյուղերի ղեկավարների կողմից բենզինի քվոտայի վերաբերյալ ընդունված որոշումը, որին աջակցել են նաև փորձագետները, պետք է ի կատար ածվի:
Նշենք, որ նոր քվոտայի համաձայն՝ յուրաքանչյուր վարորդի Իրանում թույլատրվում է ամսական գնել 60 լիտր բենզին՝ մեկ լիտրի դիմաց 15 հազար ռեալով (0,13 դոլար), հավելյալ յուրաքանչյուր լիտրն արժենալու է 30 հազար ռեալ (0,90 դոլար): Նախկինում վարորդներին թույլատրվում էր գնել մինչև 250 լիտր բենզին՝ մեկ լիտրի դիմաց 10 հազար ռեալով:
Իշխանություններն անկնալում են, որ բենզինի սուբսիդավորման չեղարկումը բյուջեին տարեկան կապահովի 300 հազար ռեալով, ինչը կտրամադրվի անապահով ընտանիքներին:
Սակայն պետք է նկատել, որ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով բավականին ծանր տնտեսական դրության մեջ հայտնված Իրանի բնակչության զգալի մասի համար բենզինի սուբսիդավորման կրճատումը բավականին մեծ ֆինանսական բեռ է ստեղծում, ուստի չի բացառվում, որ բողոքի ակցիաներն ավելի մեծ մասշտաբ ստանան՝ հատկապես, որ դրսի որոշ ուժեր կփորձեն օգտագործել այս դժգոհությունն՝ այն ուղղելով Իրանի ղեկավարության դեմ: Միացյալ Նահանգներն արդեն հայտարարել է, որ աջակցում է Իրանի ժողովրդի բողոքի ակցիաները: