Անցյալ շաբաթ Խորհրդարանում քննարկվեց Բյուջե 2020-ի նախագիծը: Ամփոփիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը, խոսելով եկող տարվա բյուջեով նախատեսված ծրագրերի մասին, ինչպես նաև անդրադառնալով նախորդիվ իրականացվածներին, պնդեց, որ բյուջեն հեղափոխական է:
Մի քանի հանգամանք, որով պարզ է դառնում, որ 2020թ. Բյուջեն հեղափոխական չէ:
Անդրադառնանք թվերին:
Բյուջեն հեղափոխական չէ, առաջին հերթին քանի որ այն դեֆիցիտային է, ինչպես և վերջին տարիների բյուջեներն էին. 2020թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 1.6 տրիլիոն (1,697,618,538.8 2.) դրամ եկամուտ, ծախսերը՝ 1.8 տրիլիոն (1,880,186,389.83.), դեֆիցիտը՝ 182 մլրդ դրամ (182,567,851.0): Հեղափոխական կլիներ, եթե պրոֆիցիտ ունենայինք:
Բյուջեն հեղափոխական չէ, քանի որ ինչպես և վերջին տարիներին էր, կրկին ծախսերի մեծ մասն ուղղվելու են սոցիալական պաշտանությանը: 2020-ի բյուջեով այդ ոլորտի ծախսերը նախատեսված են մոտ 374 մլրդ դրամ՝ 2019-ի մոտ 333 մլրդ դրամի դիմաց։
Բյուջեի հիմքում դրված ՀՆԱ 4,9 տոկոսանոց աճը հեղափոխական թիվ չէ: Համեմատության համար նշենք, որ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված է մոտ 6 տոկոսանոց տնտեսական աճ: Թե այս դեպքում բարեկեցության մակարդակի ինչ փոփոխություն է զգում քաղաքացին, և հետևաբար ինչպիսին կլինի այդ զգացողությունը 4,9 տոկոսանոց տնտեսական աճի դեպքում, թողնում ենք ընթերցողի դատին:
Անշուշտ դրական է, որ եկող տարվա բյուջեով նախատեսվում է եկամուտների ու ծախսերի աճ: Շատ դրական միտում է դեֆիցիտի կամ որ նույնն է ՝պետական պարտիք ներգրավումը ներքին աղբյուրներից: Սա հնարավորություն կտա նվազեցնել արտաքին գործոններից մեր երկրի տնտեսության կախվածությունը: Դրական են այն ծրագրերը, որոնք նախատեսված են պետական բյուջեի նախագծով, այդ թվում՝ հարկային արտոնությունները միկրոբիզնեսին, հարկային փոփոխությունները, ճանապարհաշինության, գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը: Սակայն այդ ամենը «հեղափոխական» եզրով բնութագրելը նույնանման ակնկալիքներ է առաջացնում հանրության մոտ: Մինչդեռ նույն աշխատավարձերի բարձրացումը, օրինակ տասը տոկոսով, որ թվային արտահայտությամբ 8000- 10000-ի շրջակայքում է լինելու, բնավ քաղաքացու գրպանին հեղափոխական ազդեցություն չի թողնի՝ հաշվի առնելով գնաճի ներկայիս մակարդակը և սպասվողն՝ արդեն հունվարից հետո: Իրերն իրենց անուններով կոչելն այս պարագայում առավելապես բխում է իշխանությունների շահերից:
Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ապա դրանց մեծ մասն ուղղվելու է ճանապարհաշինությանը: Մի ոլորտ, որը տնտեսության վրա դրական ածանցյալ ազդեցություն կթողնի շատ ավելի ուշ՝ ծառայելով որպես լոգիստիկ ենթակառուցվածք տնտեսական զարգացմանը: Այս պահի դրությամբ նմանատիպ խոշորամասշտաբ նախագծերի մասին տեղեկատվություն չկա:
Դրական է ու գովելի առողջապահության ոլորտին հատկացվող գումարների աճը, կրթության ու սոցիալական այլ նպատակներով ծախսերի աճը, սակայն անհանգստացնող, որ դրանց զուգահեռ պաշտպանական ոլորտի ծախսերն են մնում գրեթե անփոփոխ:
Ընդհանուր առմամբ, 2020թ. բյուջեն կարելի է գնահատել սոցիալական ուղղվածության, դրական, աճող, բայց ոչ հեղափոխական: